Ի՞նչ է ապոստիլը
Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
Ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթերի.
բ) ՀՀ կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթերի.
գ) վարչական փաստաթղթերի.
դ) նոտարական փաստաթղթերի (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթեր).
ե) պաշտոնական գրանցումների, հրավերքների, ոչ նոտարական կարգով իրականացված ստորագրությունների իսկության հաստատումների և այլն:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դրվում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաստաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի, դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա: Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով:
Ապոստիլ դրվում է նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի պատճենների, ինչպես նաև վավերացված թարգմանությունների վրա: Այս դեպքում ապոստիլով հաստատվում է համապատասխան նոտարի ստորագրության և նրա կնիքի իսկությունը:Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով։
Ապոստիլ չի դրվում այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են «Իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հոկտեմբերի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ:
Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով։
(սեղմել այստեղ կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին ծանոթանալու համար).

